0038 հրամանով 2008թ.-ի մարտի 1-ին ստեղծված վարչակազմի մի շարք անդամներ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոններ են զբաղեցնում. ովքե՞ր են նրանք

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո որոշ քրեական աղմկոտ գործեր սկսեցին «տեղից շարժվել»: Ընթացք տրվեց 2008 թվականի Մարտի 1-ի քրգործին: Այս օրերին էլ Մարտի 1-ի գործով դատական նիստեր են ընթանում, կալանքի տակ է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Թե ինչպիսի ընթացք կունենա գործը, որքանով կընդլայնվի մեղադրյալների շրջանակը՝ պարզ կդառնա առաջիկայում, մինչ այս, սակայն, անդրադառնանք մի հետաքրքիր դրվագի։ Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներգրավելով ստեղծվել է Երևանի կայազորի պետի վարչակազմը՝ հայտնի 0038 հրամանի հիման վրա:

Հրամանն արձակել է ՊՆ այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանը, որը, ինչպես հայտնի դարձավ, ՌԴ քաղաքացի է և Հայաստանում չէ։ Առայժմ նրան բերման ենթարկելու ուղղությամբ որևէ զարգացում չկա, թեև ՀՔԾ-ն դեռ հուլիսի 3-ին տեղեկացրել էր, որ նրան ևս մեղադրանք է առաջադրվել՝ սահմանադրական կարգը տապալելու համար:

Յուրի Խաչատուրովին, որն այդ օրերին եղել է Երևանի կայազորի պետը, հրամանի համաձայն՝ հանձնարարված է եղել ղեկավարել կայազորի պետի վարչակազմը: Նրան ևս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու մեջ մասնակցություն ունենալու համար: Ինչպես հայտնի է, Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվեց:

Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց գրավը․ Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Սակայն նշյալ գաղտնի հրամանով ստեղծված կայազորի պետին կից վարչակազմի որոշ անդամներ այսօր էլ շարունակում են պաշտոններ զբաղեցնել: Մասնավորապես, Կամո Քոչունցը, որը 2008-ին եղել է նշյալ կայազորի պետի առաջին տեղակալը, այժմ էլ շարունակում է պաշտոնավարել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Քոչունցը 2018 թվականի սեպտեմբերի 7-ին նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ:

Հիշյալ կայազորի պետի հատուկ հանձնարարությունների գծով տեղակալ, այն օրերի ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ, գնդապետ Արշակ Կարապետյանը ևս պաշտոնի է: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից հեռացվելուց հետո՝ 2018 թվականի փետրվարի 15-ին նա նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդ և մինչ օրս պաշտոնավարում է:

Կայազորի պետի տեղակալ՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով, գնդապետ Սերժ Առուշանյանն էլ այժմ զբաղեցնում է ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը:

Իսկ ահա Հատուկ հանձնարարությունների գծով կայազորի պետի օգնական Հայկ Կարապետյանն այժմ զբաղեցնում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետի պաշտոնը:

Սրանք այն պաշտոնյաներն ենք, որոնք ներգրավված են եղել Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի մեջ, բայց այսօր էլ շարունակում են պաշտոններ զբաղեցնել: Անհայտ է, թե նրանք ինչ կարգավիճակով են ներգրավված Մարտի 1-ի քրգործին:

ՀՔԾ-ի լրատվականից մեր այս հարցին ի պատասխան փոխանցեցին, որ առաջիկայում պարզ կլինի՝ մեր հարցի պատասխանը հրապարակման ենթակա է, թե՝ ոչ:

Ստորև ներկայացնում ենք այն պաշտոնյաներին, որոնք ևս վարչակազմում են եղել, բայց այժմ պաշտոններ չեն զբաղեցնում. Մելսիկ Չիլինգարյան՝ կայազորի պետի տեղակալ սպառազինության գծով, Արտաշես Փարսադանյան՝ կայազորի բժշկական ծառայության պետ, Սեդրակ Սեդրակյան՝ կայազորի պետի օգնական իրավական աշխատանքի գծով, Արշալույս Փայտյան՝ կայազորի պետի տեղակալ, Սարգիս Արզումանյան՝ Կայազորի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայության պետ, Տիգրան Գասպարյան՝ Կայազորի պետի տեղակալ՝ թիկունքի գծով: Նրանց կարգավիճակի մասով ևս հստակեցում չկա: Հայկ Վարդանյան


© factor.am

 

(Visited 11 times, 1 visits today)