Զինվորների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Սոցիալական խնդիրներ ունեցող բազմազավակ կնոջ պատմությունը Սիսիանից հասել է տարբեր ատյաններ:

Իր մանկահասակ երեխաներին կերակրելու այլ տարբերակ չգտնելով՝ բազմազավակ կինը դիմել է մի քայլի, որի հետևանքով հիմա կանգնել է դատարանի առջև՝ գողության մեղադրանքով:

Իրավիճակին անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով խնդիրների առջև կանգնած կնոջ որդու ծառայակիցների բաց նամակին:

Ստորեւ բերվող հրապարակումը հիշում եք անշուշտ: Դրանից հետո հանձնարարել եմ տեղեկանք պատրաստել տիկին Սարգսյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ եւ ստացել եմ ներքոշարադրյալ տեղեկությունները: Այս պահին տիկին Սարգսյանը ազատության մեջ է, քանի որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, վարչապետը չի կարող միջամտել: Սպասենք Վճռաբեկի որոշմանը եւ հետո որոշենք: Բարի ծառայություն, սիրելի զինվորներ:),

-այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Զինվորների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան,

Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։

Առանց խորանալու գործի իրավական կողմի մանրամասների մեջ՝ պարզապես մեր կարծիքն ենք արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մենք անգամ չենք պատկերացնում, որ մեկ ամսից զորացրվող մեր ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ոչ իր մորը, ոչ էլ անչափահաս քույրերին։ Ավելին՝ նա կարող է անգամ վերադառնալու տուն էլ չունենալ, քանի որ ընտանիքը չունի սեփական բնակարան, վարձով են ապրում, և մոր կալանավորվելուց հետո այդ տնից երեխաներին դուրս կհանեն, քանի որ չկա որևէ մեկը, ով կհոգա տան վարձի ծախսերը։

Պարոն Փաշինյան, պարզապես խնդրում ենք Ձեզ, ներում շնորհեք մեր զինակցի մորը, բարեգթություն ու մարդասիրություն դրսևորեք։ Պարզապես հասկացեք, որ Հասմիկ Սարգսյանը ստիպված է եղել հանցավոր քայլի դիմել իր երեխաներին սովից փրկելու համար։ Նա այդ երեխաներին փրկել է նաև հանուն մեր երկրի, նաև այդ քայլի շնորհիվ է, որ մենք հրաշալի ծառայակից ընկեր ունենք մեր կողքին։

Հասմիկ Սարգսյանին պատժելով՝ մեր պետությունը արդարադատություն չի իրականացնի, այլ պարզապես կվերացնի առանց այդ էլ լուրջ դժվարություններ տեսած ու զրկանքներ կրած այս ընտանիքը։

Ակնկալում ենք անձամբ Ձեր միջամտությունը։

(Visited 4 times, 1 visits today)