«Եթե պետք է ևս 2 տարի քաղաքացիները տառապեն մարշրուտկաներում, դա անընդունելի է». Հովսեփ Խուրշուդյանը՝ Երևանի բյուջեի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ժառանգություն» կուսակցությունից Երևանի ավագանու նախկին թեկնածու, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2019թ. Երևանի բյուջեին՝ ասաց, որ քաղաքային իշխանությունների մոտ կոնցեպտուալ մոտեցում չի տեսնում:

Նրա խոսքով՝ 2019-ի բյուջեն կոնցեպտուալ մոտեցումներ, թերևս, չի պարունակում այն պատճառով, որ բավական կարճ ժամանակում ձևավորվեց: Խուրշուդյանը նաև դժվարացավ ասել, թե այս ամիսների ընթացքում քաղաքում որևէ տեսանելի խնդիր լուծվե՞լ է: «Տեսանելի չէ, բայց մի քանի ամսվա ընթացքում դժվար էլ հնարավոր լիներ լուծել»,

— հավելեց նա:

Հովսեփ Խուրշուդյանը նոր քաղաքապետին առաջարկում է շատ ավելի ակտիվ համագործակցել հասարակության հետ, մասնավորապես՝ որևէ խոշոր ծախս չանել առանց հանրային քննարկման, ինչպես, օրինակ, մայրաքաղաքի գլխավոր տոնածառի դեպքում եղավ. «Այդպիսի ծախսեր անելուց առաջ մի հատ քաղաքացիների հետ խորհրդակցեք: Հենց որ քաղաքացու կողմից վերահսկողությունը կորչում է, համակարգը սիմպտոմներ ունի այլայլվելու դեպի բացասականը»:

Ըստ նրա՝ քաղաքապետարանը պետք է ֆինանսավորի հանրային քննարկումները, որ չկտրվի հանրությունից, և բյուջեն ու այլ որոշումներ պետք է կայացվեն հանրային քննարկումների արդունքում: Խուրշուդյանի խոսքով՝ քաղաքապետարանը կարող է քաղհասարակությանը պատվիրակել, օրինակ, աուդիտորական ծառայությունները, որպեսզի առավելագույնս քաղաքացիներին ներգրավի համայնքային կառավարման հարցերում:

Անդրադառնալով հարցին, որ բյուջեում մոտ 4 մլն դոլարով կրճատվում է տրանսպորտին ուղղված ծախսը, այն դեպքում, երբ երեկոյան ժամերին քաղաքում տրանսպորտը, կարելի է ասել, նորմալ չի աշխատում, և քաղաքացիները սառչում են կանգառներում, Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Ընդհանրապես քաղաքային իշխանությունները պետք է շատ կոնկրետ հասկանան, որ եթե տրանսպորտի հարցը շատ կարճ ժամանակում չլուծվի, ոնց որ խոստացվել էր, դա իրենց համար ամենաբացասական հետևանքները կունենա՝ ոչ միայն ապագա ընտրությունների առումով, այլ նաև ներհասարակական լարվածություն կձևավորվի ամբողջ իշխանության հանդեպ: Եթե պետք է ևս 2 տարի քաղաքացիները տառապեն մարշրուտկաներում, դա անընդունելի է»:

Հովսեփ Խուրշուդյանը, միաժամանակ, դրական է գնահատում քաղաքային բյուջեում որոշ ծախսերի կրճատումը, որոնք ուռճացված են եղել նախորդ իշխանությունների կողմից: Ինչ վերաբերում է ընդդիմության դերակատարմանը, Խուրշուդյանը կարծում է՝ խորհրդարանում ընդդիմություն չկա. «Ես էլ չեմ տեսնում, որ էնտեղ ընդդիմություն կա, որովհետև իրենք ավելի մրցակցում են, թե ով է ավելի աջակից իշխող ուժին»: Ուստի, ըստ նրա, արտախորհրդարանական ընդդիմությունը դեռևս անելիքներ ունի նախագծեր առաջարկելու տեսակետից. «Խոշորացման ճանապարհն ամենաճիշտ ճանապարհն է»:   Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: Մարինե Խառատյան


© factor.am

(Visited 5 times, 1 visits today)