Դաժան և ողբերգական ավտովթար․կա 3 զոհ և 6 վիրավոր․ մանրամասներ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մհեր Վ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ:

30-ամյա Մհեր Վ.-ին մեղադրանք էր առաջադրվել երեք մարդու մահվան ելքով վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի 19-ի ցերեկը՝ ժամը 14-ն անց 30-ի սահմաններում, Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում Մհեր Վ.-ն, վարելով փաստացի իրեն պատկանող «Ֆոլքսվագեն Գոլֆ» մեքենան, թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ՝ տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել է այդ ուղեմասով ընթացող, ոստիկանության Լոռու մարզային վարչության ուղեկցող դասակի 35-ամյա ծառայող Էդգար Վ.-ի կողմից վարած «Օպել Աստրա» մեքենային:

Մեքենաների ճակատային բախման հետևանքով «Օպել»-ի վարորդ Էդգարի հայրը՝ 58-ամյա Գագիկ Վ.-ն, և 9-ամյա դուստրը՝ Սիրանուշը՝ Վանաձորի դպրոցներից մեկի 3-րդ դասարանի աշակերտուհի, տեղում մահացել են:

Վթարի ժամանակ ստացած վնասվածքներից հետագայում մահացել է նաև Մհեր Վ.-ի մեքենայում գտնված 23-ամյա Մարյամ Մ.-ն:

Վթարի հետևանքով «Օպելի» վարորդ Էդգարի, նույն մեքենայի ուղևորներ, 54-ամյա Սիրանուշ Ս.-ի, 30-ամյա Հերմինե Գ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, «Օպելի» վարորդի 3-ամյա որդու՝ Էրիկի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: «Ֆոլքսվագենի» վարորդ Մհեր Վ.-ի 3-ամյա որդու առողջությանը պատճառվել է ծանր վնաս, իր՝ Մհեր Վ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Մհեր Վ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանը հաշվի է առել, որ Մհեր Վ.-ի խնամքին են հաշմանդամություն ունեցող, վթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած 3-ամյա որդին ու 2 տարեկան դուստրը: Ինքը՝ Մհեր Վ.-ն 3-րդ խմբի հաշմանդամություն ունի:

Գործի քննության ընթացքում տուժող Էդգար Վ.-ն ներկայացրել է 7 միլիոն դրամի քաղհայցի պահանջ՝, որպես իր հոր ու դստեր հուղարկավորության, իր և իր մեքենայում գտնվող մյուս տուժողների բուժման ծախսերի հատուցում:

Դատարանը Մհեր Վ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել է 5 տարի իրական ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Մհեր Վ.-ից հօգուտ Էդգար Վ.-ի կբռնագանձվի 7 միլիոն դրամ՝ որպես պատճառած նյութական վնասի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Մհեր Վ.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով բեկանել դատավճիռը, Մհեր Վ.-ի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, իսկ քաղհայցի պահանջը բավարարել մասնակիորեն՝ 500 հազար դրամի չափով՝ որպես Էդգար Վ.-ի բուժման ծախսերի հատուցում:

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժեց:

Միևնույն ժամանակ Մհեր Վ.-ի նկատմամբ կիրառվեց Համաներման ակտի համապատասխան դրույթը, Մհեր Վ.-ն ազատվեց ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատժց:

Լրացուցիչ պատիժը՝ 3 տարով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումն ու քաղհայցի բավարարումը 7 միլիոն դրամի չափով՝ մնացին անփոփոխ՝ ուժի մեջ:

(Visited 7 times, 1 visits today)