Ռեկորդային դեֆիցիտ Երեւանի 2019 թ. բյուջեում. Ինչի՞ հաշվին են փակելու

Երևանի հաջորդ տարվա բյուջեի տրամաբանությունն առանձնապես չի տարբերվում այն բյուջեների տրամաբանությունից, որոնք նախորդ իշխանությունների օրոք էին մշակվում: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում Երևանի ավագանու նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ Երևանի հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է էապես ավելացնել արտասահմանյան գործուղումների, պաշտոնյաների պարգևավճարների և նվիրատվությունների գումարները: Աճում է բյուջեի դեֆիցիտը. եթե այս տարվա բյուջեով նախատեսված դեֆիցիտը 48 մլն դրամ էր, ապա 2019 թավականի բյուջեի նախագծով այն նախանշված է ռեկորդային՝ 1 մլրդ 269 մլն 240 հազար դրամ դեֆիցիտ:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերն ուռճացված են: «Այսօր ինչ-որ մեկնաբանություններ եմ լսում, որ այդքան ցածր աշխատավարձով նրանք մոտիվացված չեն լինի աշխատել, հետևաբար պարգևատրումներ պետք է լինեն, հոլանդական աճուրդի սկզբունք և այլն: Նախ, սա անհասկանալի է, ոչ թե պետք է գնային պարգևատրման ֆոնդեր ստեղծելու ու աշխատավարձերը բարձրացնելու ճանապարհով, այլ առաջին հերթին պետք է օպտիմալացնեին այդ աշխատակազմերը:

ՀՀԿ-ն ամեն ընտրության ծանրաբեռնել էր այդ կառույցները՝ ամենատարբեր հաստիքներ ստեղծելով: Երկրորդ, մենք չորս տարվա ընթացքում Երևանի ավագանիում, լինելով փոքրամասնություն, ահռելի ջանքեր գործադրեցինք՝ դրոշների համար հատկացումները 70-80 մլն դրամից իջեցնելով 45 մլն դրամի: Տոնակատարոթյունների միայն համերգի վրա կարող էին 70 մլն դրամ ծախսել, էլ չեմ խոսում տոնական հարդարանքի գումարների մասին: Այդ ամբողջը կրճատել տվեցինք, հիմա ինձ համար մի տեսակ անհասկանալի է, թե ինչպես են որոշ ծախսեր ավելացնում»,- ասաց նա:

Սաֆարյանի խոսքով՝ անհասկանալի է գործուղումների գումարները մոտ 50 մլն դրամով ավելացնելը՝ հասցնելով 112.7 մլն դրամի: Ո՞ւր են պատրաստվում գործուղվել քաղաքային իշխանությունները, հարցադրում է անում նա:

«Նախկինում վարչական շրջանների ղեկավարներից սկսած վերջացրած քաղաքապետարանի հսկայական պատվիրակություններ, գնում էին գործուղումների: Բացի տուրիստական ճամփորդություն լինելը դրանք առանձնապես մեծ օգտակարություն չունեին: Հասկանում ենք, քույր քաղաքներ կան, փոխադարձ արցելություններ կան, բայց դա ամենևին չի նշանակում տնով տեղով, ամբողջ քաղաքապետարանով վեր կենալ ու գնալ գործուղումների: Ինչո՞ւ են այդքան մեծ գործուղման ծախսեր նախատեսել»,- հավելեց նա:

Դրան զուգահեռ նվազել են վերելակների վերանորոգման, տրանսպորտի և այլ կարևոր ոլորտների հատկացումները: «Ավագանու անդամներից նման բացատրություններ են հնչում այս օրերին, որ նախկինում այդ գումարից կերել են, հիմա, այսպես ասած, մաքուր թվերն են գրվել: Բայց, ներեցեք, վերելակների դեպքում պետք է օպտիմալ ծախսեր արվեն և պետք է թարմացնել վերելակային տնտեսությունը, որոնք, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ձևակերպել, մահվան վերելակներ են: Իրենք այդ խնդիրը ո՞նց են լուծելու: Ես տեսնում եմ, որ այդ խնդիրը չեն դրել լուծելու»,

— ասաց նա:

Սաֆարյանը նաև հարցադրում է անում, թե ինչի՞ հաշվին են քաղաքի նոր իշխանությունները փակելու 2019-ի բյուջեի նախագծով նախատեսված 1 մլրդ 269 մլն դրամ դեֆիցիտը:

«Այս բյուջեի տրամաբանությունն առանձնապես չի տարբերվում այն բյուջեների տրամաբանությունից, որոնք մենք տեսնում էինք Տարոն Մարգարյանին օրոք: Մենք այստեղ փիլիսոփայություն չենք տեսնում, չենք տեսնում առաջնահերթությունների շարադրանք, թե որոնք են քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, դրանք քանի տարվա վրա են բաժանվում: Մենք չենք տեսնում որևէ համակարգված ու ինստիտուցիոնալ կառավարում»,

— ասում է Սաֆարյանը:

(Visited 4 times, 1 visits today)