Բաքուն պատրաստ է պատերազմի․ Ոչ թե պատրաստվում է, այլ արդեն պատրաստ է․․․

Հայաստանի հետ սահմանի որոշ հատվածներում կանոնավոր զորամիավորումները սահմանապահ զորքով փոխարինելու մասին Ադրբեջանի որոշումը Հայաստանում արժանացել է շոշափելի ուշադրության, ինչը նաև հասկանալի է:

Картинки по запросу պատերազմ

Խոսքը Տավուշի մարզի որոշ հատվածներում զորամիավորումները սահմանապահներով փոխարինելու մասին է, որի վերաբերյալ հայտնի է դարձել օրերս:

Որքան էլ մարտունակ լինեն սահմանապահ զորքերը, ինքնին պարզ է, որ կանոնավոր բանակի ստորաբաժանումները այդ իմաստով առավել մարտունակ են:

Ըստ այդմ՝ նշանակում է, որ Տավուշի հետ սահմանագոտու որոշ հատվածներում Ադրբեջանը մարտունակ զորքը փոխարինում է առնվազն համեմատաբար նվազ մարտունակ միավորներով՝ սահմանապահներով:

Ի՞նչ մանևր է անում Բաքուն: Դա նահա՞նջ է առնվազն այդ հատվածում, թե՞ Հայաստանի ուշադրությունը շեղելու կամ զգոնությունը թուլացնելու քայլ:

Այդ կապակցությամբ փորձագիտական հանրության ներկայացուցիչները անում են տարբեր եզրակացություններ ու տալիս տարբեր գնահատականներ՝ ընդհուպ այն, որ Բաքուն պատրաստվում է ինչ-որ գործողության, պատերազմի:

Թե կոնկրետ քայլով ինչի է պատրաստվում Բաքուն, իսկապես դժվար է միարժեք գնահատել և աներկբա է, որ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն անգամ Բաքվի քայլի մոտիվների կամ պատճառների մասին շատ կոնկրետ տեղեկատվության տիրապետելու դեպքում պետք է տիրապետի ամենատարբեր սցենարների՝ պատրաստ լինելով դրանցից յուրաքանչյուրի հետ գործ ունենալուն:

Картинки по запросу պատերազմ

Սակայն ակնառու է նաև մեկ այլ բան, որ Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի մի սցենարի՝ Բաքվի պատերազմի մտադրությանը: Եվ այդ առումով Ադրբեջանի որևէ քայլ մեկնաբանելիս, թերևս, ավելորդ է ցուցաբերել «հեռատեսություն» ու ասել, թե դա պատերազմի պատրաստվելու քայլ է:

Ադրբեջանը, եթե որևէ քայլ չանի էլ, մենք, որպես հասարակություն ու պետություն, պետք է մշտապես գիտակցենք՝ Բաքուն պատրաստ է պատերազմի: Ոչ թե պատրաստվում է, այլ արդեն պատրաստ է: Պարզապես փորձում է անընդհատ ավելացնել իր պատրաստվածությունը:

Այդտեղ է խնդիրը, որ Ադրբեջանը պատերազմի պատրաստ է՝ չի պատրաստվում: Պարզապես Ադրբեջանը պատրաստ չէ հաղթել Հայաստանին ու Արցախին, ու դրան է, որ Ադրբեջանը պատրաստվում է:

Բաքվի գործողությունները պետք է դիտարկել այդ համատեքստում՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ հաղթանակի պատրաստվելու համատեքստում: Ըստ այդմ, զսպել պատերազմը, նշանակում է թույլ չտալ Ադրբեջանին ունենալ հաղթելու անգամ պատրանք:

Բանն այն է, որ Բաքուն կարող է ունենալ պատրանք, ինչպես 2016-ի ապրիլին, որ կարող է հաղթել: Ըստ այդմ՝ մենք իրավունք չունենք անգամ պատրանք թույլ տալու, հակառակ դեպքում Բաքվին ուշքի բերելու և իրականություն վերադարձնելու համար, անկասկած, էլի հարկ կլինի անցնել դաժան մարտերի միջով:

Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստվեն ոչ թե չպարտվելու, այլ պատրաստվեն հաղթանակի: Միայն հաղթանակի պատրաստվելու դեպքում մենք կարող ենք Ադրբեջանին զրկել մեր հանդեպ հաղթանակի պատրաստ լինելու կամ այդպիսի պատրաստության պատրանքից:

Դա, անկասկած, այն կենսակերպը չէ, որին մենք ձգտել կամ ձգտում ենք իբրև պետություն և հասարակություն:

Եվ թերևս աշխարհում շատ քիչ հանրություններ ու պետություններ կան, որոնք ձգտում են գործնականում պատերազմի հավերժական պատրաստության կամ ռազմական հաղթանակի հավերժական պատրաստության կենսառեժիմի, միայն բացառիկ պետությունների և հանրությունների դա կարող է, այսպես ասած, հաճույք պատճառել կամ լինել կամավոր ընտրություն:

Բայց քանի որ մենք գործ ունենք հենց այդպիսի, վատ իմաստով «բացառիկ» հարևան պետության իշխանության հետ, որովհետև մենք, այդուհանդերձ, կարծում ենք, որ ադրբեջանական հանրությունն անգամ այս տարիների հակահայկական և պատերազմական քարոզչությունից հետո հոգու խորքում դեմ է պատերազմին, մենք ստիպված ենք ապրել ռազմական հաղթանակի մշտական պատրաստության ռեժիմով՝ խաղաղություն ու կայունություն ապահովելու համար:

Похожее изображение

Միայն դա մեզ թույլ կտա պահպանել թեկուզ այդ հարաբերական կայունությունը: Իհարկե, այդ կենսառեժիմը մեզնից խլում է ահռելի ռեսուրսներ՝ թե՛ մարդկային, թե՛ նյութական, որոնք կարող էին ծառայել ավելի ստեղծարար նպատակների:

Սակայն մյուս կողմից մենք այդ ռեսուրսները չհատկացնելու դեպքում չենք կարող ապահովել ստեղծարար այլ նպատակների իրականացման միջավայր: Այդ ռեսուրսներն են, որ մեզ թույլ են տալիս զսպել Ադրբեջանին, ու թույլ են տալու զսպել, որպեսզի մենք կարողանանք արդեն «թիկունքում» իրացնել մեր ստեղծարար ներուժը:

Այդ իմաստով, մենք թերևս պետք է քիչ խոսենք պատերազմի մասին, քիչ հիշեցնենք միմյանց այդ մասին: Մենք չպետք է ունենանք միմյանց այդ մասին հիշեցնելու կարիքը, առավել ևս այժմ և հետագայում, եթե մենք մտադիր ենք կառուցել նոր տնտեսա-քաղաքական համակարգ:

Եթե մենք ունենք այդ ինքնահիշեցումների կարիքը, ուրեմն դա արդեն իսկ նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ: Հետևաբար, իբրև հանրություն ու պետություն մեր նպատակը պետք է լինի պատրաստվել հաղթանակի՝ պատերազմի մասին քիչ խոսելով:

1in.am

(Visited 6 times, 1 visits today)