Մի բան արեք՝ գժականով տանեն հիվանդանոց. «ՃվճՎ» Արոյի որդիների զրույցների գաղտնալսումները

news.am-ը գրում է. «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի ավագ որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ 2018թ. հունվարի 8-ին տեղի ունեցած վթարի գործով դեկտեմբերի 17–ի դատական նիստում հետազոտվեցին Սարգիս Վարդանյանի, նրա եղբոր՝ Սերժ Վարդանյանի  և այլ անձանց  կողմից կատարված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների արձանագրությունները։ Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել էին ՃՈ ծառայողներ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը։

Հեռախոսային խոսակցությունները տեղի են ունեցել վթարից հետո։ Դրանք վերաբերում են  Սարգիս Վարդանյանի՝ վթարին մասնակից լինելու հանգամանքը կոծկելուն, Վարդանյանների ընտանիքի մտերիմ անձի միջոցով Սարգիս Վարդանյանին քրեական պատասխանատվությունից ազատելուն և այլ հարցերին։ Խոսակցություններից հայտնի է դառնում, որ դեպքից հետո Սարգիս Վարդանյանըհեռախոսազրույցի միջոցով Սուրեն Մկրտչյանին (հեղ. գործով վկա)  խնդրում է իր փոխարեն ներկայանալ ոստիկանության բաժին։ «Որտեղ մոտիկ տեղ կա, մոտիկը գնացեք»,

–զրուցակցին ասում է Սարգիսը։

«Հա, իսկ որ հելնեմ միանգամից Պռոշյան էթամ, ասեմ՝ իմացել եմ ըստեղ են բերել, առաջնահերթ ըստեղ եմ եկել, ավարիայից  ինձ բան չի եղել, վատ եմ զգացել պռոստը ինձ»,

–պատասխանում է Սուրենը։ Դեպքի մասին ոստիկաններին պատմելու Սուրենի առաջարկած տարբերակին Սարգիսը դրական պատասխան է տալիս։

Մեկ այլ հեռախոսազրույցի ընթացքում Սարգիս Վարդանյանի ընկերներից մեկը մյուսին պատմում է, որ «Սուրոն գնացել, հանձնվել ա, Սաքոյի համար վիզ ա վեկալել»։  Նշենք, որ Սուրեն Մկրտչյանը ոստիկանությունում բացատրություն էր տվել, որ վթարի պահին ինքն է եղել «ԲՄՎ» ավտոմեքենայի ղեկին, սակայն այդ հայտարարությունը իրավապահներն արժանահավատ չէին համարել։ Սարգիս Վարդանյանը, ով դեպքից հետո դիմել էր փախուստի, մի քանի ժամ անց ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Հեռախոսային խոսակցություններից մեկում էլ Սարգիս Վարդանյանի կրտսեր եղբայրը՝ Սերժ Վարդանյանը, դեպքի շուրջ զրուցում է մոր հետ  և խնդրում նրան «պանիկա չդնել»։ «Սերժո, հլը մի հատ դրա սրոկը նայի, ես իրա էրեխուն ի՞նչ եմ պատասխան տալու»,–որդուն հարցնում է մայրը։ Սերժ Վարդանյանը, սակայն, մորը հավաստիացնում է, որ եղբայրը մեղավոր չէ, քանի որ կանաչ լույսի տակով է անցել։ Հեռախոսային խոսակցություններից մեկում էլ Սերժ Վարդանյանը զրուցում է ոմն Աբոյի հետ։

Խոսքը Վարդանյանի հանգուցյալ պապի՝ «Տրանսգազ» ՍՊԸ–ի նախկին տնօրեն «Գազի Կոլյա» մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանի (2018 թ. հուլիսին ինքնասպան է եղել) ընկերոջ մասին է։ Սերժ Վարդանյանը զրուցակցին դիմում է «Աբո ձյաձյա» անունով  և հետաքրքրվում, թե ո՞վ է հորդորել եղբորը՝ Սարգիսին, որպեսզի նա գնա՝ հանձնվի իրավապահներին։ Աբոն պատասխանում է, որ Կոլյա պապն է հորդորել։

Այնուհետև Սերժ Վարդանյանը Աբոյին մեղադրում է «քաղմասում եղբորը մենակ թողնելու մեջ»։ «Ո՞նց թողել մենակ, կարո՞ղ ա գիտես ապերին սանատորիա ենք տարել, մենք էլ պիտի էթանք, կողքը նստենք, տենանք ինչ ա ուզում»,–դիմելով Սերժ Վարդանյանին, ասում է Աբոն։

Այնուհետև Վարդանյանը Աբոյին հորդորում է ինչ–որ եղանակով եղբորը փրկել բանտ նստելուց։ «Աբո ձյաձյա, դրան մի բան արեք, գժականով թող տանեն հիվանդանոց, էլ չմտցնեն ընտեղ, էլի, էնի չի դիմանա։ Բերդի հիվանդանոց գոնե տանեն»։

Աբոն, սակայն Սերժին հորդորում է այդ մասին ասել ոչ թե իրեն, այլ Կոլյա պապիկին։  Խոսակցության ընթացքում Սերժ Վարդանյանը նաև մտահոգություն է հայտնում, որ եթե ինքը դուրս գա շրջելու, հնարավո՞ր է՝ իրեն էլ բռնեն։  Աբոն էլ ասում է, որ Աֆրիկյանների ռեստորանում տեղի ունեցած խուլիգանության գործով նրան որոնում են։ Աբոն նշում է, որ քննության տվյալներով 4 հոգով այդ օրը ոչ միայն հայհոյանքներ են հնչեցնում, այլև մարդ են ծեծել, սակայն դա  լսելուց Սերժ Վարդանյանը վրդովվում է . «Հա՜, լավ դե բռնում են թող բռնեն, ոնց որ սաղդ թշնամի լինեք, ըստեղ հարազատություն չկա»։

Խոսքը  2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին է։ Այս գործի շրջանակներում վերջերս փոխվեց Սերժ Վարդանյանի նկատմամաբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Նա 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

(Visited 3 times, 1 visits today)